Tag Archives: արվեստասերներիակումբ

Երվանդ Վարդանյան. «Գրողն իր գործով պետք է նյարդային իմպուլս լինի ուղեղի համար»

«Կնատյացության գաղափարը չպետք է հասկանալ բառացի՝ ես ատում եմ կնոջը, չեմ ուզում նրան տեսնել: Պետք է հասկանալ դրա փիլիսոփայական պահը, որ կինը չի թողնում տղամարդուն հասնել անձնական կատարելության, հոգևոր բարձրացման ու նրան վերադարձնում է մարմնական, սեռական մակարդակին: Հենց այս կոնֆլիկտն է, որ շատ գրողների ստիպել է այդպես մտածել: Ապրելու, գրելու ընթացքում զգում ես կնոջ ներկայության կարիքն, ու այդ տանջանքները ստիպում են մտածել կնոջ դերի մասին», – ասում է գրող, պատմաբան Երվանդ Վարդանյանը:  image2

«ՀԵՔ» ծրագրի Արվեստասերների ակումբի հանդիպման ժամանակ երիտասարդ գրողը ներկայացրել էր «Միզոգենիա՝ կնատյացությունը գրականության մեջ» թեման: Թե ինչու էր հատկապես այս թեման ընտրել երիտասարդական ակումբում խոսելու համար, Երվանդը պարզաբանում է, որ իր կարծիքով՝ թեմայի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա: Միաժամանակ, այն հետաքրքիր և ինտրիգային է:

Գրականության մեջ միզոգենիայի օրինակները շատ են. սկսած հին հունական առասպելաբանությունից ու աստվածաշնչյան պատմություններից մինչև Լև Տոլստոյի և Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերը: Բայց կնատյացության դրսևորման «գագաթնակետը» Երվանդը համարում է ավստրիացի փիլիսոփա և հոգեբան Օտտո Վեյնինգերի «Սեռ և բնավորություն» գործը: Այստեղ վերջինս խոսում է տղամարդու և կնոջ տարբերությունների ՝ «տղամարդկային» և «կանացի» սկզբի մասին: Հեղինակը տղամարդկանց է վերագրում գիտակցության, ստեղծագործելու և ճգնավորության բարձր մակարդակը, այնինչ կանանց համարում է գիտակցության պարզունակ մոդել, անարդյունավետության և զգայունության կրողներ:

«Գրողներից շատերը կանանց լավ էլ սիրել են, դա չէ խնդիրը: Կնոջ մեջ նրանք ատում էին այն «գայթակղությունը», որը չի թողնում հասնել իրենց անձնական կատարելությանը, այլ միշտ քաշում է կրքերի աշխարհ», – պարզաբանում է Երվանդը:

Երվանդն էլ ունի «կնատյացության» իր օրինակը: Խոսքը վերջինիս «Կարճ պատմություն կնատյացության մասին» պատմվածքի մասին է: Այստեղ գրողը ներկայացնում է Ֆրանսիայում իր հանդիպումը մի կնոջ հետ, ով «կարդում էր միայն ժամանակակից կին գրողների գործերն ու ապրում էր պահով»: Այնուհետև Երվանդը ներկայացնում է իր դիտարկումները՝ կապված տղամարդու և կնոջ տարբերությունների հետ:

image1«Տղամարդը անցյալին է միտված, իսկ կինն ավելի շատ ապրում է ներկայով: Իսկ ներկայով ապրող մարդը չի կարող գրականությանը տրվի ամբողջությամբ, որովհետև եթե ապրում ես ներկայով, արդեն իսկ ժամանակ չես ունենում մտածել գրելու մասին. դու ուղղակի ապրում ես պահը, զգացմունքը, – ասում է Երվանդը: – Կինն ավելի շատ միտված է ապրել ներկա ժամանակով: Իսկ գրականությունն արդեն անցյալն է, որպես գրվածք այն անցյալի դարակում է: Փոխարենը, կինը կարող է լավ ընթերցող լինել, որովհետև կարդալու գործընթացը ներկա է»:

Երվանդ Վարդանյանը պատրաստվում է հրատարակել իր առաջին վեպը

«Գրականությամբ պետք է ինչ-որ բան փոխես մտածող մարդկանց մեջ: Գրականությունը հայացք, տեսադաշտ է: Քո տեսադաշտի միջոցով պետք է մարդկանց ցույց տաս՝ ինչ ես տեսնում: Որպես գրող դու նրանց տալիս ես ակնոց. կարող է մեկի համար այն հեռատեսի լինի, մյուսի համար՝ կարճատեսի», – ասում է Երվանդը:

Վերջինս գրողի ու գրականության հիմնական խնդիրներից մեկը համարում է ոճի դրսևորումը: Իր սեփական ոճը բնորոշելու համար նա համոզված է, որ որպես գրող դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
«Ոճը քանդակի պես է. քեզ քար են տալիս, սկսում ես քանդակել: Հիմա գլուխը քանդակել եմ, բայց ոտքերը կամ ձեռքերը մնացել են. տարիների ընթացքում է դա ստեղծվում», – ասում է Երվանդը:

Վերջին շրջանում Երվանդ Վարդանյանն իր գրական ստեղծագործությունները պարբերաբար հրատարակում է գրական հանդեսներում: Այժմ նա աշխատում է իր վեպի վրա, որը պատրաստվում է հրատարակել այս տարվա ընթացքում: Վեպի ստեղծման ընթացքը նա համեմատում է ճարտարապետության հետ.  կարծես նա ճարտարապետն է, ում տվել են թուղթ, և այժմ պետք է քաղաքը նախագծի:

Երվանդի վեպի գլխավոր հերոսը հայ երիտասարդ է, ով ուսանում է Գերմանիայում: Սակայն imageուսումնական գործընթացը երիտասարդի համար ոչ այնքան բարենպաստ է ընթանում, և անգամ համալսարանից դուրս մնալու վտանգ կա: Փոխարենը, նա մի խումբ երիտասարդների հետ հաճախում է գրականության ակումբ, որտեղ մի օր հետաքրքիր դեպք է պատահում: Ակումբը դրամաշնորհ է շահում, որի պայմանների համաձայն գրականասերների այս խումբը պետք է վեպ գրի: Վերջիններս որոշում են, որ խմբի մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է գրի վեպի մի գլուխը: Հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Գլխավոր հերոսին բաժին է ընկնում գրել վեպի վերջին գլուխը: Այսպիսով, Երվանդի վեպի մեջ «ծնվում է» իր հերոսի վեպը: Վեպի մեկ այլ սյուժետային գծում գլխավոր հերոսը ժամանակ առ ժամանակ տարբեր կենդանիների շորեր է հագնում, և երեխաներին զվարճացնելու ընթացքում նրանց համար հեքիաթներ կարդում:

Երվանդն իր առջև խնդիր է դրել վեպում ներկայացնել մի քանի շերտեր, որոնք վեպը պետք է դարձնեն հետաքրքիր: Նա համոզված է, որ վեպը պետք է խաղային տարրեր ունենա, որպեսզի հետաքրքրի ընթերցողին և վերջիններս «ուզենան վեպում ապրել»:

«Գրողն իր գործով պետք է նյարդային իմպուլս լինի ուղեղի համար, դա կարող է ցավ, ջղաձգում առաջացնել, բայց գոնե ազդակ կտա», – ասում է Երվանդը:

Թե ինչի մասին է լինելու վեպի հերոսի վեպը, Երվանդը դեռևս չի ներկայացնում: Իսկ վեպի վերնագիրը ընթերցողը կիմանա վերջում՝ վեպի ավարտից հետո միայն:

Նյութը՝  Մերի Մամյանի, Անգլախոսների ակումբի ակումբավար /Երևան/

Լուսանկարները՝  Լիլիթ Գրիգորյանի, Արվեստասերների ակումբի ակումբավար /Երևան/

Հիպի` ապրելակերպ, թե՞ մշակույթ

«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի Արվեստասերների ակումբի հերթական հանդիպումը Հանրային Ռադիոյի «Լյունսե» երիտասարդական լուսաբանմամբ։ Հետաքրքրե՞ց։ Այցելեք Արվեստասերների ակումբ ամեն հինգշաբթի՝ ժամը 18։00-ին, Նալբանդյան 29 հասցեով։ Մուտքն ազատ է 🙂

Լավատեսում է Տարոնը)))

Taron1. Ո՞ր ակումբի անիմատորն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ այդ  ակումբի անիմատոր դարձաք:

Ես Գյումրիում «Արվեստասերների ակումբի» անիմատոր եմ։ Ընկերներիցս մեկը մի օր պատահական պատմեց ինձ այս ծրագրի մասին, և իմ մեջ ցանկություն առաջացավ մասնակցելու։

2. Արդյո՞ք «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիրը ինչ-որ ազդեցություն է ունեցել Ձեր ու Հայաստանում քաղաքացիական հասարակության Ձեր ընկալման վրա:

Ծրագրի շնորհիվ շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, նոր ծանոթություններ եմ ձեռք բերում, որը ինձ հնարավորություն է տալիս նոր պատկերացումներ ունենալ քաղաքացիական հասարակության վերաբերյալ։ Ծրագիրը ինձ նաև հնարավորություն է ընձեռում ձեռք բերել միջոցառումներ կազմակերպելու հմտություններ, որը ինձ ավելի պատասխանատու անձ է դարձնում։

3. Եթե կարողանայիք ինչ-որ բան փոխել մեր հասարակությունում, ի՞նչ կփոխեիք:

Եթե հնարավորություն ունենայի հայ հասարակության մեջ ինչ-որ բան փոխելու, ապա անպայմանորեն կավելացեի մարդկանց մեջ համարձակություն։ Ես նաև կավելացնեի լավատեսությունը և վստահությունը գործի նկատմամբ

Տարոն Գրիգորյան, Արվեստասերների ակումբի անիմատոր, Գյումրի