Tag Archives: Երևան

Երևան-Գյումրի տրանզիտ /երբ տեղ հասանք/

… հայտնվելով թատրոնի շենքի ետևի փողոցի մի շենքի մոտ` ներս մտանք, ու մեզ տեղավորեցին մեր սենյակներում, որից հետո մենք արդեն ֆորումում էինք (սենց էինք կոչում էն սենյակը, որում անցկացվում էին մեր հանդիպումները):

Այ այստեղից էլ սկսվում եմ մեր Գյումրվա արկածները։

Սկզբում, ինչպես միշտ, ծանոթացում։ Քո ուղեղի վրա լցվում են 10-15 անուն, որոնք պետք հիշես, իհարկե բոլորը հիշել առաջին անգամից դժվար ա, դրա համար այ սենց խոսակցությունները (գոնե իմ հետ) շատ էին.

– Բարև, բա քո անունն ինչ էր:

– Հա՛, դու երևի Լիլիան ես:

– Չէ՛, ես Լուսինեն եմ, Լիլիան ինքն ա:

– Իրա անունը հիշու՞մ ես:

– Վա՜յ չէ, լավ, հեսա հաստատ մեկը իրա անունը կասի, ու կհիշեմ, ամոթա արդեն 6 անգամ հարցնելը։

Հենց ծանոթացման ժամանակ էլ սկսեցին ձևավորվել առաջին մի քանի մականունները։ Սկզբում երևի նշեմ «կարծրատիպեր կոտրող բարեցին» կամ​ Անդոյին (իրա անունն էլ եմ դժվար հիշել, հենց տեսնում էի, մտածում էի, վա՜յ Բարեցը,  կողքից միշտ մեկը գոռում էր Անդո ու փրկում էր ինձ, որ էլ չհարցնեի՝ բա քո անունն ի՞նչ էր)։

SA_9935

Հետո հիշեցի Էդգարին (իրան պետք ա առանձնահատուկ նշեմ, հենց իրա ու իրա աստղադիտակի շնորհիվ իրականություն դարձավ իմ երազանքներից մեկը` աստղերին նայելը), ու հենց էտ ժամանակ Նուշը մեզ հիշեցրեց «Երկնքի բոլոր աստղերը քեզ եմ նվիրում, աստղերը-աստղերը, բոլոր աստղերը…», ու էս երգով անցան մեր հետագա օրերը (չմտածեք, թե մենք ռաբիզ ենք լսում, չէ՛, ուղղակի շատերի նման մենք էլ չլսելով բոլոր երգերը անգիր գիտենք):

Էլի մի քանի ձևավորված անուններ Երևանի Գոռ – Գյումրու Նաիրա, Երևանի Հերմինե – Գյումրու Կարինե։ Իրանք նույն գործառույթներն են իրականացնում «ԿԱԶԱ»-ի Գյումրիի ու Երևանի կենտրոններում։

Մի բան  պատմեմ, որի հեղինակը ես եմ (դե ո՞նց ես, ավելի կոնկրետ պապաս, ով որոշել էր զանգել ու իմանալ թե ոնց եմ, ինչ բանի եմ)։ Ուրեմն նստած ծանոթանում ենք մեկ էլ հոպ զանգում  ա հեռախոսս (Համասյան «Պոետ»),  ու ես պահին սկսվում ա աղմուկ (հայերեն ասած՝ շուխուր)։ Ես պատրաստվում եմ կարմրել, ամաչել (դե քանի որ չգիտեի,թե էտ շուխուրն ինչի հետ էր կապված, հուսամ ոչ հեռախոսիս​) ու չգիտես ոնց (երևի Կարինեն հասկացել էր իմ կարմրելու մտադրությունը) լսում եմ Կարինեի ձայնը.

– Վա՜յ, ինչ կոլորիտային երգ էր։

Ուռա,՜ կարմրելու կարիք չկա։

Շարունակում ենք ծանոթացումը ու ամեն ինչ ընդհատում սուրճի ընդմիջումով։

SA_9882Հետո սկսվում են թիմային աշխատանքները, սկսում ենք ավելի լավ ճանաչել թիմի մասնակիցներին շենքում վազվզելով: Մի սենյակում խոսում ենք խդիրների ու դրանց լուծումների մասին ( հետաքրքիր ա՝ ոնց կարան մարդիկ էսքան նման մտածեն), մյուս սենյակում լինում են ինչ-որ անկեղծացման րոպեներ, ու սենց տարբեր սենյակներ ու հետաքրքիր գաղափարներ։ Հավաքվում ենք ու սկսում բոլորով քննարկել ընթացքում ծնված և արդեն տարիներով մեր մեջ մնացած գաղափարներ ու հանկարծ

– Էսքանով ավարտեցինք երեխեք ջան, կարող եք ընթրել ու դուրս գալ քաղաքում քայլելու, եթե ուզում եք։ SA_9937

«Հա, ո՞նց չենք ուզում, համոզված եմ բոլորի մտքին էտ էր»։

Սկսում ենք քայլել Գյումրիում, մութ ա, բայց ուրախ ու հավես։ Տարոնի  խնդրանքով (դժվար էր դա խնդրանք համարել, ինքը արդեն մի ամիս էր ասում էր դրա մասին, ու մենք ստիպված էինք գնալ) գնացինք «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը տեսնելու (ցավոք սրտի էս օրվա բոլոր նկարները կանաչ են)։

Մի քիչ էլ թափառելուց հետո  հասկացանք, որ մեր ժամանակը լրացել ա, ու մենք խոստացված ժամին արդեն «ԿԱԶԱ»-ում էինք։

Վերևում, արդեն նշեցի, որ մեր աստղագետ Էդգարը, իր աստղադիտակով օգնեց մեզ նայել աստղերին ու սկսվեց.

-Իմ հերթն ա

-Ես մրսում եմ, առաջինը նայեմ ու գնամ

-Չէ էլի, ես

Ու մինչև մենք կռիվ էինք անում լսվեց Էդգարի ձայնը.

– Յուպիտերն եմ գտել (գտնելը որն ա, ինքը երևի տեղը անգիր գիտեր), բայց պետքա այ սենց կախեմ աստղադիտակը բալկոնից, որ նայենք։

Բոլորս անհամբեր նայում էինք իրար, հետո հերթով բարձրանում բալկոնի քարին ու նայում Յուպիտերին։ Քանի որ ես համբերատար սպասեցի վերջին ամենաերկարը նայեցի։ Հետո գտանք Սիրիուսը ու նայեցինք իրան (հետաքրքիր ա չէ, մենք հազվադեպ ենք աստղերին նայում, իսկ իրանք՝ մեզ ամեն օր)։ Մինչ մենք «աստղագետ» էինք մեզ զգում, երեխեքը արդեն չայ ու կոֆեն դրած մեզ էին սպասում։ Չմոռանամ ասեմ,որ ես 3 հատ ընկնող աստղ տեսա մեր աստղագիտության ժամին (այո-այո, ես հասցրել եմ 3 հատ երազանք պահեմ)։

Մեր տեղը հանձնելով Անահիտին ու խոհանոց գնալով՝ սկսեցինք չայ խմել։ Երևի 5 րոպե էլ չէր անցել Անահիտը արագ  բալկոնից վազեց դուրս.

-Ի՞նչ ա եղել….

-Անահիտը…

-Էդգարը…

-Աստղադիտակը…

-Սևակ հասի, հո չի ընկել Էդգարը բալկոնից…

Էս վերջին խոսքի վրա Սևակը վազումա բալկոն:

-Չէ՛, ամեն ինչ նորմալ ա, Էդգարն էլ, աստղադիտակն էլ……

Անահիտը հետ ա գալիս ու, մեր վախեցած աչքերին նայելով, պատմում, որ աստղային հոսք էին տեսել։

Գյումրու տաք ու արևոտ օրվան փոխարինեց ցուրտ  գիշերը ու մենք հավաքվեցինք ֆորումում, ու սկսվեց մաֆիան։ Մաֆիան երկար չտևեց, ու Սևակը որոշեց պատմել հոգիների ու ուժասների մասին։ Քանի որ աղջիկները շատ էին, ու էս ամեն ինչը երկար չտևեց, մենք գնացինք քնելու։

Մարտական առաջադրանք ունեինք՝ ժամը 9-ին պետք ա նախաճաշեինք:

Շարունակելի…

Սյուզաննա Քոսյան,

Մարդու իրավունքների ակումբի ակումբավար /Երևան/

Advertisements

Երևան-Գյումրի տրանզիտ

Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ սրտից քար ա կախված կամ բոլոր օրգանները սեղմվել են իրար: Ռուսները սրան կոչում են «бабочки в животе»,  բայց էն, ինչ ես զգացի Գյումրի գնալու նախորդ օրվա գիշերը, ավելին էր, քան ռուսների նկարագրածը. դա իսկական պատերազմ էր, էն էլ տանկերով:

Երբ իմացա, որ գնալու ենք Գյումրի աշխարհով էի եղել. նոր մարդիկ, նոր քննարկումներ ու թեմաներ, նոր զգացողություններ, և ի վերջո ես կհայտնվեմ մի քաղաքում, որի մասին լիքը լսել եմ, բայց երբեք չեմ եղել:

Հետաքրքիրն էն ա, որ լիքը լավ բաներ էի մտածում, երբ առաջին անգամ լսեցի Գյումրի գնալու մասին, բայց ճիշտ հակառակը էն անքուն գիշերը՝ Գյումրի գնալուց առաջ: Ամբողջ գիշեր մտածում էի՝ լավ ու՞ր ենք գնալու, ի՞նչ ա մեզ սպասվում, ինչպիսի՞ մարդկանց ենք հանդիպելու, ո՞ նց եմ ես յոլա գնալու իրանց հետ: Բայց ամեն ինչի մասին հերթով:

Սկզբի համար ասեմ, որ զարթուցիչս խփեց ժամը 7-ին, բայց իրա կարիքը չկար՝ ես ամբողջ գիշեր չէի քնել…

07:30-ի մոտ զանգեց Տարոնը (ակումբավար թիմակիցս) ու ասաց, որ տեղ ա հասնում, ու նենց անեմ, հասցնեմ նստել 57 համարի ավտոբուսը ու իրար հետ գնանք ԷՍՊԱՍ:

Էն դաժան գիշերը քիչ էր, մենք (ես ու Տարոնը) տեղ հասանք 08:10-ին, երբ ոչ մեկ չէր եկել, ու ԷՍՊԱՍի դուռը դեռ փակ էր…

DSC_3304

Իսկ ինչ պետք ա անեն երկու հոգի, ում քունը տանում ա, ու շատ շուտ են եկել, ճիշտ ա՝ պետք ա կռվեն, դե մենք էլ հետ չմնացինք.

-Զուզի դու գիժ ես (Զուզին իմ մականունն ա՝ իմ անվան գերմաներեն տարբերակը, որը կնքել ա վերոնշյալ Տարոնը), ինչի՞ ենք էսքան շուտ եկել:

-Բուլկի (էս անվամբ էլ ես եմ իրան կնքել, հետագայում ինքը կդառնա շատակեր, բայց սա ուրիշ պատմություն ա) դու բութ ես, առավոտ շուտ զանգեցիր, տնից հանեցիր:

Ու կռիվը դեռ կշարունակվեր, եթե չգար ԷՍՊԱՍ-ը մաքրող կինը՝ Լիլիթը ու մեզ ներս չթողներ կենտրոն:

Անցավ ևս մի քանի րոպե: Տարոնն ու ես սկսեցինք պարել, հա-հա մի զարմացեք պարում էինք, դե դա ոտքի վրա չքնելու լավագույն տարբերակն էր:

08:30-ին, երբ մենք դեռ պարում էինք, ներս մտավ Սևակը (էտ պահը ֆիքսել էր պետք): Ուռած, աչքերով չքնած Սևակը, տեսնում ա երկու հոգու, ովքեր իր աչքին միշտ ադեկվատ են եղել (հույս ունեմ, որ տենց գոնե եղել ա, որովհետև հիմա հաստատ տենց չի): Ի դեպ, Սևակը նույնպես իմ կոլեգան է, վարում է Արվեստասերների ակումբը: Հետո մեզ միացավ Կարինեն, ինքն էլ հոգնած ու քնած աչքերով, բայց ինչպես միշտ ուրախ տրամադրությամբ.

-Վայ, երեխեք ջան, արդեն եկել եք, ի՛նչ լավա, որ պարտաճանաչ եք, հեսա մնացածն էլ գան ու շարժվենք (շատ պոզիտիվ էր տրամադրված Կարինեն, նա մարդ է, ով մտածում էր, որ եթե որոշել ենք 08:30-ին շարժվել, ուրեմն այդպես էլ կլինի: Իրականում բոլորը հավաքվեցին 9-ից 5 պակաս, ու էլի լավ ա, կարայինք ավելի ուշ հավաքվեինք):

Կարինեի գալուց հետո սկսեցինք քիչ-քիչ հավաքվել: Սկզբից Էլյան եկավ, սկսվեց սովորական պաչ-պռոշտի (Լոռին խոսում ա մեջս), հետո Նաիրան ու մնացածը: Հավաքվելուց հետո բոլորով գնացինք մեր մարշուտկան գտնելու, քանի որ ինքը պետք է մեզ սպասեր խաչմերուկում, բայց չգիտես ինչի հայտնվել էր կողքի թաղում: Քանի դեռ մենք փնտրում էինք մարշրուտկան, ես հայտնաբերեցի ևս մեկ ֆիքսելու կադր, որը մնաց մենակ հիշողությանս մեջ: 10 հոգի իրերով բեռնված, փակելով Նալբանդյան փողոցի աջ մայթը փնտրում են մարշրուտկա ու գոռում են.

-Չէ՛, ստեղ չի…

-Դե միհատ էլ զանգեք տեսեք ուր ա…

-Ասեցի էլի դալանով անցեք…

-Գտանք, եկե՛ք…

-Էրեխեքն ու՞ր են…

-Գալիս են….

Վերջապես նստեցինք մեքենան, որը վարում էր Մայիս ձյաձյան, ու ճանապարհ ընկանք (տեսա ու մեջիս լարվածության մի մասը անցավ, հիշեցի, որ գնում ենք աշխարհի ամենահյուրասեր քաղաքը, ուրեմն չի կարա վատ անցնի):

Իսկ ինչ եղավ ավտոբուսում երևի արդեն պարզա՝ «Ալիանս»  իրա տարօրինակ բառերով ու բացատրություններով, «Բլիբել» ՝ անիմաստ հարցերով ու գիժ պատասխաններով, ուրիշ հետաքրքիր հարցեր ու պատմություններ ու հանկարծ Կարինեի ձայնը.

-Պատրաստվեք տեղ ենք հասնում:

Իյա՞, ո՞նց արդեն հասել ենք, երբ անցավ էս ժամը: Երևի բոլորն էլ էտ էին մտածում, երբ Մայիս ձյաձյան կանգնացրեց մեքենան, ու մենք հայտնվեցինք Թատրոնի շենքի հետևը՝ (հիմա բոլորս հենց սենց ենք հիշում էտ տեղը) «ԿԱԶԱ»-ի Գյումրու գրասենյակի դիմաց:

Շարունակելի…

Սյուզաննա Քոսյան,

Մարդու իրավունքների ակումբի ակումբավար /Երևան/